ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում էր, որ երկրի հասարակական-քաղաքական բնականոն կյանքը, պետական իշխանության մարմինների սահմանադրաիրավական հարաբերությունները եւ հանրային համերաշխությունը վտանգված են։ Բաբլոյանը հասարակությունն իրարամերժ խմբերի՝ հեղափոխության և հակահեղափոխության կողմնակիցների բաժանելու և անհանդուրժողականությունը խորացնելու վտանգավոր միտումներ էր տեսել։
«Ինձ համար սա առավել անհասկանալի է, քանի որ սպառված չէին այդպիսի քննարկումների և որոշման կայացման հնարավորությունները հենց խորհրդարանում: Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալը՝ նախատեսում եմ հանդիպումներ Հանրապետության նախագահի, Հանրապետության վարչապետի, Մարդու իրավունքների պաշտպանի, Բարձրագույն դատական խորհրդի եւ միջազգային դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը»,–ասել էր Բաբլոյանը։
Վարչապետը օգոստոսի 17-ի հանրահավաքի ժամանակ արտահերթ ընտրությունների խնդրահարույց լինելու վերաբերյալ մտավախություններ արտահայտելուց և առանց վարչապետի հրաժարականի խորհրդարանի ցրումը թույլատրող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հայտարարություններից հետո այնուամենայնիվ ասաց, որ այդ փոփոխություններն ինքնանպատակ չեն։ Համաձայնելով հանդիպել Բաբլոյանի հետ` Փաշինյանն ակնարկեց, որ երկխոսությունը հնարավոր է։
Մեր կողմից ասենք, որ երկխոսությունն անհրաժեշտ է։ Սոցցանցերում կարելի է անհաշտ լինել, սրտի ուզածի չափ, սակայն իրական ներքին քաղաքականության մեջ մաքսիմալիզմը կարող է միայն վնասել։ Թեև մինչ օրս Փաշինյանն իրեն որպես մաքսիմալիստ դրսևորել է միայն հանրապետականներին վարչապետի և նախարարների պաշտոնից հեռացնելու հարցում` գերադասելով չարագացնել իրադարձությունները և շտապել առանց շտապելու։
Երկխոսությունն անհրաժեշտ է բոլոր կողմերին, անկախ նրանից, թե այդ կողմերն ինչպես են տեսնում երկրի ներքաղաքական զարգացման հեռանկարները։ Վերջերս Փաշինյանը բավական կտրուկ արտահայտվեց «Դաշնակցություն» կուսակցության առիթով, կուսակցություն, որը բավական հավասարակշռված և առանց էմոցիաների մոտեցավ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալմանն ու խափանման միջոցի փոփոխմանը։
Հուզական բաղադրիչը հավանաբար մի փոքր թուլացել է ռացիոնալի օգտին, և Փաշինյանն այսօր արդեն հանդիպում է Լիբանանի ԱԺ պատգամավոր Հակոբ Բագրատունու գլխավորած Լիբանանի ՀՅԴ ԿԿ–ի պատվիրակության հետ։ Մամուլի հաղորդագրություններից դատելով` հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում է անցել, երկխոսությունը հաջողվել է։
Այն պայմաններում, երբ «Ելք» դաշինքի կազմալուծումը հնարավոր է` համենայնդեպս Երևանի ավագանու ընտրություններին այս դաշինքի մաս կազմող կուսակցություններն առանձին են հանդես գալու, Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ իր մի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով նա հազիվ թե հաջողության հասնի. քաղաքական ռեսուրսները բավարար չեն։
Իսկ եթե նույնիսկ բավարար են, համաձայնությունը երբեք չի խանգարել, առավել ևս, որ Հայաստանում բացարձակ քաղաքական անտագոնիստներ չկան։ Նույնիսկ ՀՀԿ–ի դեպքում, նրա և «Քաղաքացիական պայմանագրի» միջև որոշակի պայմանավորվածություններ հնարավոր են, գոնե միայն երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելու մասով։
Փաշինյանը հայտարարել է «հակահեղափոխության» ռիսկի բացակայության մասին, հանրապետականները, փաստորեն, մեծ հաշվով հանդես են գալիս միայն ընտրողաբար արվող հնարավոր հաշվեհարդարների դեմ։ Այսինքն հավատալ ենք ուզում, որ ճիշտ հետևություններ են արվելու հուսալի պայմանավորվածությունների ձեռքբերման հավանականության մասին, այնպիսի պայմանավորվածությունների, որոնք կբացառեն որևէ արգելք և խոչընդոտ. երկրի համար, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական կուսակցության։
Ներքաղաքական գործընթացներն, այսպիսով, սկզբում անհաշտության բնական ժամանակահատվածից և հետագա որոշակի անորոշությունից հետո շանսեր ունեն խելամիտ, կշռադատված մոտեցումների և համախմբման վերածվելու։
Կարևոր պետական որոշումներ կայացնելու համար տարբեր քաղաքական բևեռների ներկայացուցիչներ պարտադիր չէ բարեկամություն անեն։ Բավական է միայն երկրի ճակատագրի համար իրենց պատասխանատվության գիտակցումը։