ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Երևանցիներն առաջին անգամ ազատ ու ժողովրդավարական ընտրությունների հնարավորություն կստանան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի Ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը` մեկնաբանելով Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրությունները։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 23-ին: Մինչև օգոստոսի 29-ը կուսակցությունները կարող են գրանցել իրենց թեկնածուներին։ Սեպտեմբերի 10-ից կսկսվի նախընտրական քարոզարշավը։
Բախշյանը խորհուրդ է տալիս քաղաքական ուժերին լուրջ մոտենալ առաջիկա ընտրություններին և ուշադիր ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուներին։
«Կուսակցությունները պետք է հարց տան` արդյո՞ք կկարողանան այսքան մեծ տնտեսություն տնօրինել», – ասում է քաղաքական գործիչը։
Միաժամանակ ուրախալի է, որ քաղաքապետի թեկնածուների թիվը մեծ է, քանի որ առաջին անգամ երևանցիները մեծ ընտրության հնարավորություն ունեն։ Անահիտ Բաշխյանը հրաժարվեց այս կամ այն թեկնածուի կամ կուսակցության վերաբերյալ անձնական գնահատական տալ, որպեսզի, ինչպես նա նշեց, չազդի հասարակական կարծիքի վրա։
Քաղաքական գործիչը դեռ չի կողմնորոշվել ` որ քաղաքական ուժի հետ է մասնակցելու առաջիկա ընտրություններին, թեև «Լուսավոր Հայաստանն» արդեն հրավիրել է նրան։
Որպես իր հետագա գործունեության առաջնահերթություն նա առանձնացրեց դպրոցների տնօրենների ու խորհուրդների կառավարողների հետ կապված օրենսդրական ուղղումները, նաև նախադպրոցական համակարգի զարգացումը։
«Երեխաների 40%–ը մանկապարտեզների պակասի պատճառով չեն կարողանում նախադպրոցական կրթություն ստանալ։ Այդ հարցը պետք է շտապ լուծել», – համոզված է Բախշյանը։
«Օրինաց երկիր» կուսակցության Ավագանու անդամի թեկնածու Լիանա Մանուկյանը նշեց, որ կուսակցությունը միանշանակ մասնակցելու է ընտրություններին ու շուտով կներկայացնի իր նախընտրական ցուցակը։
Մանուկյանը իր աշխատանքի առաջնահերթությունների շարքում առանձնացրեց դպրոցներում ներառական կրթության մակարդակի բարձրացումը։ Բացի այդ` թեկնածուին հուզում են աղբահանության կազմակերպման խնդիրները։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23–ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»), Արտակ Զեյնալյանի («Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն»)։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրել է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։ «Ժառանգության» թեկնածուն կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը։