ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի — Sputnik. օգոստոսի 20-ին, ժամը 09:30-ին Կարասու-Բուկա- Բեկաբադ ավտոմոբիլային ճանապարհի 92-րդ կիլոմետրում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով երկրի Գլխավոր դատախազությանը։
Damas ավտոմեքենայի ղեկի դիմաց նստած Բախտիեր Սայիդովը կորցրել է կառավարումը և հանդիպակաց գոտի է դուրս եկել։ Մեքենան բախվել է կառավարական շարասյան Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենային, որի ղեկի դիմաց եղել է Ռուստամ Տոլիպովը։
Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլահ Արիպովը թեթև վնասվածքներ է ստացել, փոխվարչապետ Ալիշեր Սուլթանովը` մի քանի կոտրվածքներ։ Նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Կուրբոնովը նույնպես կոտրվածք է ստացել։
Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել, նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Դատախազությունը վթարի փաստով ստուգում է անցկացնում։
Հայտնում են նաև, որի Արիպովը ՃՏՊ-ից հետո արդեն աշխատանքի է դուրս եկել։