ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկոլայ Նիկողոսյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել արվեստագետի ընտանիքին: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Խոր վշտով տեղեկացա խորհրդային և հայկական քանդակագործության ականավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի մահվան մասին: Կյանքից հեռացել է հայկական և ռուսական մշակույթների ականավոր ներկայացուցիչը, ով ողջ կյանքի ընթացքում չի դադարել ծառայել իր ժողովրդին և հայրենիքին: Հայաստանում մշտապես հիացել են Նիկոլայ Նիկողոսյանի արվեստով և բարձր գնահատել նրա անձնական ներդրումը հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում»,- նշել է վարչապետը:
Նա ցավակցությունն է հայտնել ականավոր վարպետի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի երկրպագուներին:
Նշենք, որ քանդակագործ, գեղանկարիչ ու գրաֆիկ, մանկավարժ Նիկոլայ Նիկողոսյանը մահացել է Մոսկվայում։