ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի ղեկավարությունը, որտեղ այսօր պետք է տեղի ունենար Հայաստանի 2-րդ նախագահի մամուլի ասուլիսը, դեռ չի որոշել`բողոք կներկայացնի արդյո՞ք գույքը փչացնելու համար, թե՞ ոչ։ Այդ մասին լրագրողներին ասաց կենտրոնի փոխտնօրեն Թամար Իվանյանը։
Հիշեցնենք` որ օգոստոսի 14–ին, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Բայց ասուլիսը չկայացավ, որովհետև ակտիվիստները ներխուժեցին կենտրոնի շենք, մտան դահլիճ և քիչ մնաց կոտրեն դռները։
«Մենք ոստիկանություն կանչեցինք այն պահին, երբ ակնհայտ դարձավ, որ ակտիվիստները կարող են նյութական վնաս հասցնել բիզնես կենտրոնին», – ասաց նա։
Ակտիվիստների գործողությունների հետևանքով մասամբ վնասվել են մի քանի դռներ, դրանք վնասվել են, բայց չեն կոտրվել։ Պատերին հայտնվել են խազեր։
«Անկեղծ ասած` մենք ավելի մեծ մտավախություններ ունեինք։ Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ առանց լուրջ կորուստների», – հավելեց Իվանյանը։
Պատասխանելով համապատասխան հարցին` Իվանյանը նշեց, որ «Էրեբունի պլազան» ինչ-որ քաղաքական դիրքորոշում չունի։ Կենտրոնի գլխավոր խնդիրն է շենքում տեղակայված բոլոր գրասենյակների ու կազմակերպությունների անխափան աշխատանքի ապահովումը։