ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Լոռու մարզում գրանցված ավտոպատահարի հետևանքով մեքենաներից մեկը գլորվել է ձորը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 6-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ (Բոզգեղ, Համզաչիման) գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993 թ.) և «Nissan Xterra» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ն., 1999 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլորվել է ձորակը:
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Ա.-ին (1998 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: