ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik. Վայոց Ձորի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում բռնկած հրդեհը մարելուց հետո հրշեջները վերացնում են կրակի օջախները։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հուլիսի 21-ին, ժամը 07։00-ին մարվել է հրդեհի 1 օջախ, այրվել է 2 հա խոտածածկույթ։ Ժամը 09:13-ին մարվել է հրդեհի 2-րդ օջախը, այրվել է 2 հա խոտածածկույթ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:40-ին, մարվել՝ 10:25-ին: Այրվել է 110 հա խոտածածկույթ:
Հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել էին ժամը 05։54-ին, երբ նկատել էին հրդեհի 3 օջախ։
Նշենք` «911» ծառայությունը հուլիսի 20-ին, ժամը 12:09-ին տեղեկություն էր ստացել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էին մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Ժամը 02։53-ին հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին, հրդեհի տարածումը մոտակա գյուղերի ցորենի արտեր կանխվել էր, սահմանվել էր հերթապահություն։
Հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 գյուղի բնակիչ, 60 զինծառայող և Վայքի քաղաքապետարանի ջրատարը: