ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. 2012 թ-ին կալանավորվել, իսկ 2014-ին դատավճռով 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել այն ժամանակ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանը։ Պատճառը պետբյուջեից 300 մլն դրամի յուրացումն էր։ 2017 թ-ի սեպտեմբերի 28-ին, սակայն, Խաչիկյանն ազատ արձակվեց` Սերժ Սարգսյանի կողմից ներում ստանալով. կրճատվել էր նրա պատժաժամկետը։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Խաչիկյանի հետ։ Նա ասել է, որ երկրի քաղաքական իրավիճակը փոխվելուց հետո իրեն տեսնում է միայն զբոսաշրջության մեջ։
«Պետական համակարգ վերադառնալու ցանկություն չունեն և չեմ կարծում, որ նման ցանկություն կա այդ որոշումներն ընդունողների մոտ։ Բայց եթե իմ կարիքը զգացվի, ես իհարկե միշտ պատրաստ եմ»,- ասել է նա։
Խաչիկյանի խոսքով` Հայաստանում քաղաքականությունը նման է Այվազովսկու 9-րդ ալիքին։
«Ալիքները շատ մեծ են, և նավդ պետք է ամուր լինի, նավապետդ` վստահելի։ Հիմա ես ո՛չ նավ ունեմ, ոչ նավապետ։ Այնպես որ, հանգիստ ինձ համար զբոսաշրջությամբ եմ զբաղվում»,- ասել է նա։
«Սերժ Սարգսյա՞նն էր ձեր նավապետը» հարցին ի պատասխան Խաչիկյանն ասել է, որ անուններ չի ուզում տալ։