ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու փորձերն անընդունելի են, ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների նիստի արդյունքներով լրագրողներին ասաց ՀՀ ԱԳՆ փոխնախարար Կարեն Նազարյանը։
«ՍԾՏՀ–ն տարածաշրջանային համագործակցության կառույց է, այդ պատճառով մենք անընդունելի ենք համարում նրա իրավասություններից դուրս գտնվող և կանոնադրությանը հակասող փաստաթղթերի ընդունման ճանապարհով կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու փորձերը», – ընդգծեց Նազարյանը։
Դիվանագետը, մասնավորապես, նշեց, որ վերջին տարիներին ՍԾՏՀ ԽՎ–ում ընդունված քաղաքականացված որոշումների և հռչակագրերի հարցը քննարկվել է կազմակերպության մասնակիցների հետ։
Նազարյանն ավելացրեց` ՍԾՏՀ–ում Հայաստանի նախագահության շրջանակներում առանձին ուշադրություն է հատկացել ՏՏ ոլորտում համագործակցության զարգացմանը։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ Երևանում տեղի ունեցած նիստը կնպաստի տարածաշրջանային տնտեսական համագործակցությանը։
Հայաստանի համար Կազմակերպության մեջ նախագահությունը թվով հինգերորդն էր։ Ներկայիս նիստի շրջանակներում ՍԾՏՀ նախագահությունը Ադրբեջանին է փոխանցվել։
Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանը կշարունակի ակտիվ աշխատել ՍԾՏՀ–ում` հատուկ ուշադրություն դարձնելով համագործակցության տնտեսական բաղադրիչին։
Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Հայաստանի պատվիրակությունը բոյկոտել էր ՍԾՏՀ ԽՎ–ի նիստը և լքել դահլիճը։ Պատճառը նիստի հռչակագրի տեքստում արված փոփոխությունն էր, որը չէր համաձայնեցվել հայկական պատվիրակության հետ։
Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքներին։
ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսն իր հերթին երախտիքի խոսքեր է ասել Հայաստանին ինտենսիվ աշխատանքի համար` նշելով, որ կազմակերպությունն արդեն կայացած կառույց է դարձել, որը երկրների միջև տնտեսական համագործակցությանն է նպաստում։
«Նիստին ներկա էին 12 երկրների պատվիրակություններ, աշխատանքի շրջանակներում կարևոր որոշումներ են կայացվել, նոր նախաձեռնություններ առաջարկվել», – ասաց Քրիստիդեսը։
ՍԾՏՀ մասնակից երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը կայացել է հունիսի 27-ին։ Երևան են ժամանել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը և տնտեսական համագործակցության գծով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Օմար Կյուչուկը։
Նշենք, որ այս տարի ՍԾՏՀ-ում ռոտացիոն կարգով նախագահում էր Հայաստանը։
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական միավորում է, որը ստեղծվել է 1992 թվականին Սևծովյան ավազանում գործընկերության, խաղաղության, կայունության զարգացման և բարգավաճման համար։ ՍԾՏՀ-ի անդամ են Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։