ԵՐԵՎԱՆ, 27 Հունիս — Sputnik. Հայաստանի կառավարությունը փակ նիստ է անցկացրել հունիսի 27-ին։ Օրակարգում երկու հարց է եղել, որոնցից մեկը եղել է գաղտնի, և այն զեկուցել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Մյուսը հարցը վերաբերել է թմրամիջոցներին ու հոգեմետ դեղերին (թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին): Այն զեկուցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կառավարությունը հավանության է արժանացրել մի օրինագիծ, ըստ որի` այդ նյութերի ցանկն ու չափը կրկին կկարգավորվի օրենքով։
Ավելի վաղ այդ հարցը կարգավորվում էր ենթաօրենսդրական ակտերով, որոնք ավելի հեշտ էր փոխել։ Իսկ փոփոխությունների կարիք հաճախ էր լինում, նոր թմրանյութերի և դրանց պրեկուրսորների (հումք) հետ կապված։ Չէ՞ որ եթե թմրամիջոցն արդեն շրջանառության մեջ է, իսկ ցանկում դեռ չկա, ապա այն կարելի է ազատ ներմուծել Հայաստան (ինչն արգելված չէ, ուրեմն թույլատրված է)։ Ցանկն ավելի օպերատիվ փոխելու համար էլ այն ժամանակին տեղափոխեցին ենթաօրենսդրական որոշումների հարթություն։
Սակայն այժմ ցանկը կազմելու հարցը օրենսդրական դաշտ են վերադարձնում։