ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին նշում է ծննդյան օրը։ Վարչապետը ծնվել է 43 տարի առաջ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։
Նախկինում Հայաստանում ոչ մեկի մտքով չի անցել նշել երկրի առաջնորդի ծննդյան օրը։ Այս տարի նման մտահաղացումը ծնվեց գրեթե այն ժամանակ, երբ Փաշինյանը վարչապետ ընտրվեց։ Facebook-ում իվենթը ստեղծողներն առաջարկում են իրենց միանալ Հանրապետության հրապարակում։
Միջոցառման բուն ծրագրից բացի (եթե այդպես կարելի է անվանել իվենթի վերաբերյալ մեկնաբանությունները), դրա ստեղծողներին, ինչպես նաև «գրանցված» օգտատերերին հետաքրքրել է, թե վարչապետն ինչպես է նշելու հոբելյանը, ինչ են նվիրելու նրան։ Թերևս գլխավոր հարցը մեկն է` Փաշինյանը ներկա կլինի՞ միջոցառմանը, թե՞ ոչ։
Փաշինյանամոլություն
Facebook սոցիալական ցանցում միջոցառումների (իսկ դրանք մի քանիսն են) մասնակիցները հիմնականում 20-35 տարեկան երիտասարդներ են։ «Թավշյա հեղափոխության» սկզբից երկրում շատացել են վարչապետի հետ սելֆի անել ցանկացողները։ Հանուն դրա մարդիկ հատուկ գալիս են Երևան, եթե նախապես իմանում են, թե որտեղ է լինելու Փաշինյանը։
Վերջերս Sputnik Արմենիայի թղթակիցները սեփական աչքերով տեսան, որ հայերի համար Նիկոլ Փաշինյանին տեսնելը ավելի կարևոր է, քան, օրինակ, աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին։ Հանրահայտ երաժիշտը վերջերս Հայաստանում էր և հանդիպել էր վարչապետ Փաշինյանի ու Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Ռեստորանի բակում հավաքվել էին տասնյակ մարդիկ, որոնք սպասում էին ոչ թե Էլթոն Ջոնի, այլ Նիկոլ Փաշինյանի դուրս գալուն։ Երբ եռյակը դուրս եկավ ռեստորանից, մարդիկ սկսեցին ողջունել հենց նրան։
«Քայլ արա, մասնակցիր տոնին»
Փաշինյանի ծննդյան օրը ծրագրել են նշել միանգամից մի քանի կազմակերպիչներ։ Ինչ-որ մեկը միջոցառումը նշանակել է ժամը 11-ին, մի քանիսը` երեկոյան։ Հնարավոր է` դեռ կան իվենթներ, որոնց մասին տեղյակ չենք։ Մի խոսքով` հայերն այսօր կնշեն (համենայն դեպս ֆեյսբուքահայերը) վարչապետի 43-ամյակը։
«Հավաքվելու ենք Ալեքսանդր Թամանյանի ստեղծած հիանալի անկյունում` շատրվանների մոտ։ Կհավաքվենք ժամը 15։00-ից։ Հարգելի Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրը բերում ենք տորթեր և ալկոհոլային խմիչք», — գրել են միջոցառումներից մեկի հեղինակները։
Հասարակական միջոցառումների կազմակերպիչները հյուրերին խոստանում են լավ տրամադրություն ապահովել ։ Նրանցից մեկը պահանջում է, որ բոլոր մասնակիցները գան սպիտակ վերնաշապիկներով և սպիտակ փուչիկներով։ Պարզ չէ, թե ինչու…