ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում առավել դինամիկ զարգացող ոլորտներից է, գրում է Forbes ամսագիրը։ Պարբերականը նշում է, որ այդ հատվածն այսօր ապահովում է ՀՆԱ մոտ 5 տոկոսը։ Թեև դա ավելի քիչ է, քան լեռնահանքային կամ գյուղատնտեսական հատվածների ծավալները, բայց այն ամեն տարի ավելանում է մոտ 20 տոկոսով։
Forbes-ի կարծիքով՝ Հայաստանը շեշտը դրել է բիզնես ինկուբատորների վրա, որոնցից խոշորագույնները գտնվում են Երևանում և Գյումրիում։
«Մաթեմատիկայի, գիտության և ինժեներիայի ոլորտների բարձր որակավորում ունեցող և համեմատաբար ոչ թանկ կադրերը երկիր են բերել առաջատար ՏՏ ընկերություններին»,- գրում է ամսագիրը։
Այդ ընկերությունները՝ Intel, D-Link, Microsoft, ABBYY և ուրիշներ, ոչ միայն տարածաշրջանային ներկայացուցչություններ են բացել, այլ նաև ընկերությունների լիարժեք գիտահետազոտական ստորաբաժանումներ։
«ՏՏ նախագծերը մեծ մասամբ իրագործվում են հայկական սփյուռքի աջակցությամբ», — նշվում է հոդվածում։
Այսպես, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը գործընկերների հետ ստեղծել է FAST (Foundation for Armenian Science and Technology) գիտատեխնոլոգիական հիմնադրամը և ծրագրում է ենթակառուցվածք ստեղծել գիտության և ՏՏ զարգացման համար։
«Հիմնադիրները շեշտը դրել են էկոհամակարգի ստեղծման վրա, որը կբարձրացնի երկրի վարկանիշը՝ որպես տեխնոլոգիաների զարգացման կենտրոն», — գրում է պարբերականը։
Forbes-ը հիշեցնում է, որ ԽՍՀՄ-ի տարիներին Հայաստանը հաճախ անվանել են խորհրդային Սիլիկոնյան հովիտ։ Հանրապետությունում գործել են բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ բնական, տեխնիկական և ֆիզիկամաթեմատիկական ուղղություններով։ Գործարկվել են նախագծեր ատոմային էներգետիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտում, մշակվել է այդ պահին առաջադեմ «Նաիրի» էլեկտրահաշվողական մեքենան։ Սակայն 1990-ականներին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երկիրն անցում է կատարել փրկվելու մոդելին։ Այսօր Հայաստանի զարգացման ռազմավարություններից մեկը անցյալի հաջող փորձի և ձեռքբերումների վրա հիմնված ապագա կառուցելն է, եզրափակում է Forbes-ի ռուսական տարբերակը։