ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Կարեն և Ռուբեն Ղազարյանները` եղեգնաձորցի քարտաշ վարպետները, հայտնվել են Smithsonianmag հեղինակավոր կայքի ուշադրության կենտրոնում։
«Այս երկու եղբայրներն օգնում են պահպանել քարտաշության հայկական ավանդույթը», — գրում է հոդվածի հեղինակը` Folklife Festival 2018-ում արհեստավորների հետ աշխատանքի մենեջեր Ջեքի Ֆլանագան Պանգիլիանը։
Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Սմիթսոնյան գիտահետազոտական և կրթական ինստիտուտը հունիսի 27-ից հուլիսի 8-ը կանցկացնի Folklife Festival 2018-ը, որը լիովին նվիրված կլինի Հայաստանի ավանդույթներին և արվեստին։
«Երկու եղբայրները լուռ աշխատում են, ընդմիջում են միայն ծխելու համար։ Նրանց փորագրությունն աստիճանաբար վերածվում է պաճուճավոր խորհրդանիշների, որոնք ներկայացնում են կենաց ծառը, հավերժության նշանը, խաղողի որթը և այլ ավանդական նախշեր։ Տարածված մոտիվ է նաև Նորավանքի եկեղեցին», — նշում է Պանգիլիանը։
Նրա խոսքով` Նորավանքը հարյուրամյակներ շարունակ գրավել է փորագրողներին։
«Եկեղեցին կառուցվել է XIII դարում։ Հեղինակը միջնադարյան հայ ճարտարապետ Մոմիկն է», — նշել է Պանգիլինանը։
Հոդվածագրի աչքից չի վրիպել նաև, որ Նորավանք տանող ճանապարհին է գտնվում Արենի 1 քարանձավի մուտքը. հենց այս քարանձավում են հայտնաբերվել գինու արտադրության ամենահին վկայությունները։
«Մուտքից ոչ հեռու աշխատում են Ղազարյան եղբայրները։ Նրանք մեկ տարի պատրաստվում են զբոսաշրջային սեզոնին, որը կտևի մարտից նոյեմբեր։ Դա միակ տեղն է, որտեղ նրանք վաճառում են իրենց ստեղծագործությունները», — գրել է հոդվածի հեղինակը։
Նա պատմել է, որ Կարենն ու Ռուբենը մեծացել են Եղեգնաձորից ոչ հեռու։ Քարի փորագրությունը եղել է նրանց հոր հոբբին։ Եղբայրները միայն յոթ տարի առաջ են իրենց նվիրել այդ արհեստին։ Մյուս վարպետների պես նրանք հմտությունները հղկել են մշտապես աշխատելով։
«Մենք գրեթե միշտ աշխատում ենք միասին։ Մեզ համար հիմնական ոգեշնչումը մնում է Նորավանքը, —Ռուբենի ասածը մեջբերել է հոդվածի հեղինակը և ավելացրել,- ինչպես խոստովանեց Կարենը, ապագայում նրանք ուզում են իրենց վարպետությունը սովորեցնել մյուսներին և, ինչու ոչ, իրենց երեխաներին»։
Պանգիլիանը կոչ է արել իր ընթերցողներին այցելել 2018թ-ի Folklife Festival` Կարենի և Ռուբենի հետ հանդիպելու և նրանց արհեստի մասին ավելի շատ բան իմանալու համար։