Արթուր Ջավադյան
Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները դրամի արժեզրկման սպառնալիք չեն առաջացնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
«Ցանկացած ոչ կայուն վիճակ բերում է ֆինանսական անկայունության»,- ասել է նա` հավելելով, որ ԿԲ-ն կիրառում է հնարավոր բոլոր գործիքները դրամը կայուն պահելու համար։
Ինչ վերաբերում է ժողովրդական թավշյա հեղափոխությանն ու դրա հետևանքով սպասվող իշխանափոխությանը, Արթուր Ջավադյանը դժվարացել է նշել` կմնա ինքն իշխանությունում, թե ոչ։
«Ես դեռ իրավիճակի վերլուծություն չեմ արել»,- ասել է նա։
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։