ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Անկախ այն բանից` ով իշխանության կգա Հայաստանում, արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող բանակցությունների փիլիսոփայությունն ու տրամաբանությունը նույնը կմնան։ Sputnik Արմենայի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Համահայկական մի քանի խնդիր ու գաղափար կա, որոնց վերաբերյալ նույն դիրքորոշումն ունեն Հայաստանի քաղաքական ուժերը։ Չեմ կարծում, որ այս հարցում կարող են տարբեր մոտեցումներ կամ տարաձայնություններ լինել», — նշեց Բաբայանը։
Նրա խոսքով` պետք է հուսալ, որ արցախյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուղղվածությունը չի փոխվի։ Բաբայանը գրեթե բացառում է, որ կարող է որևէ արմատական փոփոխություն լինել, քանի որ հայկական պետականության ապագան կախված է արցախյան հիմնախնդրի լուծումից։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ իշխանափոխությունից հետո Բաքուն հույս ունի շարունակել բանակցությունները Երևանի հետ։
«Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանում իշխանության կգան ողջախոհ մարդիկ, որոնց հետ հնարավոր կլինի բանակցություններ վարել», — ասել է Հաջիևը։
Մեկնաբանելով այս հայտարարությունը` Ստեփանակերտի ներկայացուցիչը նշեց, որ հայկական կողմը հենց Ադրբեջանում ողջախոհ ուժերի չի տեսնում։ Ավելին` Բաբայանը կարծում է, որ Հայաստանում իշխանափոխությունը ժողովրդավարական ճանապարհով է իրականացվել, ինչն Ադրբեջանում անհնար է։
Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։