ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ապրիլի 5-ին Մոսկվայում մահացել է մանկագիր Իրինա Տոկմակովան։ Այդ մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Հայտնի գրողի մահվան մասին հաղորդել է նրա թոռնուհին, որը տատիկի կողքին է եղել մինչև նրա կյանքի վերջին ակնթարթը։
Բանաստեղծի ծնողները մանկուց սեր են սերմանել ստեղծագործության նկատմամբ։ Տոկմակովան վաղ տարիքից բանաստեղծություններ է գրել։ Նա ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, սովորել է ընդհանուր և համեմատական լեզվաբանության ասպիրանտուրայում։ Միաժամանակ թարգմանիչ է աշխատել։
Տոկմակովայի մայրը եղել է հոգևորականների ընտանիքից և ղեկավարել է «Ընկեցիկ երեխաների տունը»։ Դա կարևոր դեր է խաղացել գրողի հետագա ճակատագրում։
Նրա «Տարվա եղանակներ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1962թ-ին։ Տոկմակովայի գրչին են պատկանում անգլիական և շվեդական ժողովրդական բանաստեղծությունների ու հեքիաթների թարգմանություններ, մասնավորապես նա հայտնի է Լյուիս Քերոլի, Ջեյսմ Բարիի և Աստրիդ Լինդգրենի ստեղծագործությունների թարգմանություններով։
Երեխաների ու պատանիների համար գրած ստեղծագործությունների շնորհիվ («Բարի ճանապարհ» գիրքը) արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։ 2002թ-ին Տոկմակովան ստացել է Ալեքսանդր Գրինի անվան գրական մրցանակ։