ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Radmor լեհական ընկերությունը պատրաստ է Հայաստանին փոքրածավալ զինվորական ռացիաներ առաջարկել։ Տեխնիկան ներկայացվել է Երևանում կայացած ArmHiTec տեխնոլոգիաների ցուցահանդեսում։
Ձեռնարկությունը հիմնվել է 1947 թվականին, Լեհաստանի ինդուստրացման շրջանում, երբ երկիրն ազատվել էր նացիստներից։ Հիմա Լեհաստանն Արևելյան Եվրոպայում ռազմական ռացիաների խոշորագույն արտադրողներից է։
Ներկայացված ռացիաներից մեկը` սպայականը, 200 — 520 մեգահերց դիապազոն ունի։ Դրա վրա կարելի է տարատեսակ ծրագրեր տեղադրել։ Ընկերության ներկայացուցիչ Մարեկ Չիխովսկին նշեց, որ հիմա աշխարհում այդպիսի ֆունկցիոնալությամբ միայն մի քանի ռադիոկայան կա։
Մյուս ռացիան զինվորական է, ավելի փոքր տարածության վրա է գործում` մոտ մեկուկես կիլոմետր, բայց աշխարհում ամենափոքրերից է։
Կապի միջոցներ է ներկայացրել Bharat Electronics հնդկական ընկերությունը, որն արտադրում է ռացիաներ, ռադարներ, հիդրոլոկատորներ։ Դրանք օգտագործում են Հնդկաստանի բանակը, ավիացիան ու նավատորմը։
Հարցին` արդյո՞ք այդ տեխնիկան օգտագործվում է Քաշմիրում, ընկերության ներկայացուցիչ Շաշանկ Շանկար Չաչադին պատասխանեց. «Քաշմիրը Հնդկաստանի անբաժանելի մաս է, մեր պարտականությունն է մեր երկրի անվտանգության համար տեխնիկա արտադրել»։