ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալությունը Թուրքիայից ներկրվող 130 տեսակի ապրանք օգտագործման համար ոչ պիտանի է ճանաչել ։ Երևանում փորձագետները հորդորում են հետել Բաքվի օրինակին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը։
«Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են Ադրբեջանի սննդի անվտանգության գործակալության հետազոտությունը, որի արդյունքում 130 տեսակի թուրքական ապրանք օգտագործման համար անպիտան են ճանաչվել», — ասաց Պիպոյանը։
Պիպոյանը սա մեծ թիվ է համարում։ Այդ կատեգորիայի մեջ են բուսական յուղերը, թեյերը, շոկոլադը, ոչ ալկոհոլային ըմպելիքները, սննդային հավելումները։
«Դա կարող է մեզ համար կոչ լինել ավելի ուշադիր լինել ներկրվող ապրանքների նկատմամբ, մասնավորապես` Թուրքիայից», — ասաց Պիպոյանը։
Նա նշեց, որ թուրքական ապրանքները հաճախ չեն հասնում եվրոպական երկրներ, քանի որ արդեն ԵՄ-ի սահմանին անպիտան են համարվում։ Ցավոք, թուրքական ապրանքներն առանց վախենալու ներկրում են Հայաստան։
«Օրինակ` մեզ մոտ հաճախ տեսնում եմ թուրքական կիտրոններ, չրեր ու հրուշակային հավելումներ, որոնք մի շարք երկրներ անպիտան են ճանաչել», — ամփոփեց Պիպոյանը։
Հիշեցնենք` հայ գյուղացիները բազմաթիվ անգամ բողոքել են, որ հայկական շուկան լցված է թուրքական ապրանքներով, և դրա պատճառով չեն կարողանում մթերել սեփական ապրանքը, որը թուրքականի համեմատ ավելի թանկ է։