ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հ.Ֆարամազյանն այսօր ստորագրեցին ինտերնետ հասանելիության ծառայությունների, հեռախոսազանգերի վերծանումների փաստաթղթաշրջանառությունն էլեկտրոնային տարբերակով կազմակերպելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Փաստաթուղթը կոչված է բարձրացնելու նախաքննության ընթացքում կատարված գաղտնալսումները վարույթն իրականացնող մարմիններին փոխանցելու արդյունավետությունը: Նախկինում գաղտնալսումների վերծանումները փոխանցվում էին փոստային տարբերակով, ինչի պատճառով անհարկի ձգձգվում էին նաև նախաքննության ընթացքն ու ժամկետները։
Հուշագրի համաձայն՝ գաղտնալսումների վերծանումների վերաբերյալ դատարանների որոշումները կապի օպերատորին փոխանցումը «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կապահովի հնարավոր ամենասեղմ ժամկետում։ Իսկ «հրատապ» գրություններով որոշումները կկատարվեն առաջնահերթ:
2015 թ–ից ՀՀ քննչական կոմիտեն այսօրինակ հուշագրեր ունի նաև հանրապետությունում գործող բջջային և ֆիքսված հեռախոսակապի երեք օպերատորների՝ «Յուքոմ»–ի, «Ղ-Տելեկոմ»–ի և «Օրանժ Արմենիա»–ի հետ։