ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Ռուսական առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» հեռուստանախագծի «Մենամարտեր» փուլում Սառա Աբրահամյանը բեմ դուրս եկավ Ալեսյա Մաշեյկոյի և Էմիլյա Խայրիովայի հետ, որոնք «կույր լսումների» փուլում ընդգրկվել էին ժյուրիի անդամ Վալերի Մելաձեի խմբում։
Փոքրիկները երգեցին Ալլա Պուգաչովայի «Посидим, поокаем» երգը։ Ելույթից հետո ժյուրիի անդամները գովերգեցին երգչուհիներին։
«Սա երաժշտական փոքրիկ ներկայացում էր։ Մի պահ նույնիսկ մոռացա, որ մրցույթում ենք և հաղթանակի դափնին մեկին պետք է տրվի»,- ասաց Պելագեան։
Բաստան էլ նշեց, որ ելույթի ժամանակ իրեն ծերունի է զգացել։
«Ես ասես մի ծերունի լինեի, որը լսում էր երեք աղջկա, իսկ նրանցից յուրաքանչյուրն իր պատմություններ էր պատմում»,- ասաց նա։
Աղջիկների մարզիչ Վալերի Մելաձեն էլ խոսեց Սառա Աբրահամյանի անթերի ձայնի մասին։
«Սառան այնպես է երգում, որ նրանով կարելի է գործիք լարել»,- ասաց Մելաձեն։
Նախագծի հաղորդավար Դիմիտրի Նագիևը «թարգմանեց» Մելաձեի ասածը։
«Նա լիովին համոզված է, որ դուք մեծ ապագա ունեք»,- ասաց Նագիևը։
Մելաձեն պետք է երեք աղջիկներից մեկին ընտրեր հաջորդ փուլի մասնակցության համար, և նա ընտրեց Ալեսյային։
«Գուցե Ալեսյան փորք-ինչ զիջում է վոկալային տվյալներով, բայց ես ուզում եմ նրան հնարավորություն տալ»,- ասաց Մելաձեն։Հաղթանակից հետո Ալեսյան նշեց. «Վստահ էի, որ Սառան կհաղթի, որովհետև նա ձայնային այնպիսի՜ հնարքներ ունի»։
Փոքրիկն ափսոսանքով խոսեց Սառայի հեռանալու մասին, որովհետև մրցույթի ընթացքում աղջիկները շատ են մտերմացել։
Սառա Աբրահամյանը Աբխազիայի Սուխում քաղաքից է։ Փոքրիկը բացի երգելուց, նաև պարում է։ «Կույր լսումների» փուլում նա երգել էր Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգը: