ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Մարտի 22-ին Ֆուտբոլի ազգային հավաքականների տեխնիկական կենտրոնում Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց նախավերջին մարզումը Էստոնիայի հետ ընկերական խաղից առաջ:
Հերթական մարզումը անցավ շատ դինամիկ ու աշխատանքային պայմաններում, Լրագրողները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու մարզման առաջին 15 րոպեներին, բայց այդքան ժամանակն էլ բավարար էր, որպեսզի նկատեինք փոփոխությունը հավաքական հրավիրված խաղացողների մեջ:
Արաս Օզբիլիսի վնասվածքը հավաքականի բժիշկները գնահատում են միջին ծանրության, ինչը ենթադրում է, որ Էստոնիայի խաղին Օզբիլիսը դժվար թե դուրս գա խաղադաշտ: Այժմ նրան հսկում են բժիշկները, և արվում է ամեն ինչ Լիտվայի խաղում նրան տեսնելու համար: Մեր ընտրանու կիսապաշտպանը ոլորել է ոտնաթաթը և մինչև Էստոնիայի խաղը հաստատ մարզումներին չի մասնակցի:
Օզբիլիսի փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը, որն այսօր մասնակցում էր բավականին ծանրաբեռնված մարզմանը:
Ընդգծենք, որ չնայած ծանրաբեռնվածությանը զգացվում էր ֆուտբոլիստների բարձր և մարտական տրամադրությունը, որը գուցե փոխանցվել էր տղաներից ֆուտբոլային մրցանակաբաշխությունից հետո:









Հիշեցնենք, որ այսօր 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստի ընտրությունում եռյակը կազմել էին հավաքականի երեք ֆուտբոլիստներ՝ Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Վարազդատ Հարոյան հերթականությամբ: