ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ամսի 24-ին Հայաստան կգա ևս մեկ տաք օդային ալիք, ինչի արդյունքում ջերմաստիճանը կբարձրանա լրացուցիչ 5-6 աստիճանով: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Կդիտվի փոփոխական ամպամածություն, բայց շատ տաք կլինի: Սյունիքի հովտային գոտում այդ օրը ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +33 աստիճանի, Տավուշում՝ մինչև +30 աստիճանի, Արարատյան դաշտում՝ մինչև 27-28 աստիճանի, նույնը՝ նաև Երևանում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրենյանը:
Ըստ «Հիդրոմետ» ծառայության ներկայացրած հաղորդագրության` այսօր` մարտի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 18-20, գիշերային ժամերին`8-10 աստիճան տաքություն։