ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ այսօր վթարված «Երևան–Մոսկվա» ավտոբուսի ուղևորները, որոնք այս պահին գտնվում են Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Ինչպես տանը» հյուրանոցային համալիրում, կարճ ժամանակ անց կշարունակեն իրենց ճանապարհը։ Նրանց կտեղափոխեն 2 ավտոբուսով։
Դեսպանությունը նաև հստակեցրել է` մահացածը ոչ թե ավտոբուսի վարորդն է, այլ ուղևորներից մեկը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մահացած ուղևորը 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանն է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 20-ի առավոտյան Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին բախվել են Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսն ու բեռնատարը։ 2 մարդ զոհվել է, 9-ը վնասվածք ստացել և տեղափոխվել Պավլովի շրջանի հիվանդանոց։ Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, հինգինը` միջին ծանրության։
Վթարված ավտոբուսը պատկանում է «Ման Տուր» ընկերությանը։