ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սանկտ Պետերբուրգում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մարտի 16-ին Տավրիդյան պալատում հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Կողմերը կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ամրապնդումը, անդրադարձել նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա հակամարտություններին: ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
«Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական հայտարարություններն ու գործողությունները դատապարտելի են: ՀԱՊԿ ԽՎ-ը պարտավոր է խիստ արձագանքել դրանց»,- նշել է Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի վերջին զորավարժություններն իրականացվում են միջազգային չափանիշների խախտումով:
Հանդիպման ընթացքում կողմերն իրենց համաձայնությունն են հայտնել ռազմական հռետորաբանության անթույլատրելիության հարցում:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Տաճատ Վարդապետյանը և ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: