ԵՐԵՎԱՆ, 12 արտի — Sputnik. Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժինն ահազանգ է ստացել, որ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ նորածնի դին նշված դիտահորի մեջ հայտնաբերել են Աշտարակի քաղաքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Նրանք ահազանգ են ստացել, որ դիտահորը խցանված է։
Տեղում աշխատել է նաև դատական բժիշկը։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը չձևավորված մարդու պտուղ է։
Ավելի մանրամասն զննություն կատարելու անհրաժեշտությունից ելնելով՝ պտուղը արկղով տեղափոխվել է Աշտարակի հիվանդանոցի դիահերձարան։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Կարեն Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ստեղծվել են մի քանի օպերատիվ խմբեր՝ դեպքի հանգամանքները պարզելու, պտուղն այնտեղ նետած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։