Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունն անցնող 1.5 տարում վատ չի աշխատել։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով` մակրոտնտեսական որոշ ցուցանիշների, տնտեսական աճի մասով կառավարությանը հաջողվել է տպավորիչ ցուցանիշներ ապահովել։ Բայց եղել են նաև թերացումներ։
«Այդ կայունության գինը չափազանց բարձր է եղել, և այստեղ լուրջ խնդիրներ ու թեմաներ կան, որ պետք է պարզաբանումներ ստանան»,- ասում է Ատոմ Մարգարյանը` հիմնականում մատնանշելով Հայաստանի` տպավորիչ չափերի հասած արտաքին պարտքը։
Անկախ նրանից, թե ապրիլից հետո ովքեր կմնան ու ովքեր կփոխվեն նոր կառավարության կազմում, Ատոմ Մարգարյանը կարծում է, որ նրանք ստիպված կլինեն փոխել իրենց տնտեսական քաղաքականությունը` հետագա խնդիրներից խուսափելու համար։
«Դու չես կարող մնալ տեղում կանգնած, այն ժամանակ, երբ ուրիշներն առաջ են շարժվում»,- ասում է Մարգարյանը` հավելելով, որ դրական զարգացում ապահովելու համար նոր կառավարությունը պետք է ոչ թե պահպանի Կարեն Կարապետյանի օրոք ձեռք բերած կայունությունը, այլ պետք է զարգացման քաղաքականության անցնի։