ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել երկրի հարավում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունից հայտնել են, որ հանրապետությունում ահաբեկչություններ նախապատրաստողները չեզոքացված են։
«Օպերատիվ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վնասազերծվել է ահաբեկչական խումբ, որը գլխավորել է Ադրբեջանի քաղաքացի Սաբիր Արուլաօղլու Մամեդովը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալով` 2018 թվականի մարտի 6-ին Սաբիր Արուլաօղլու Մամեդովը և Թարլան Սաֆարօղլու Սալիմովը ձերբակալության ժամանակ փորձել են դիմադրություն ցույց տալ ծառայության օպերատիվ խմբին։ «Պատասխան կրակի ժամանակ Մամեդովն ու Սալիմովը չեզոքացվել են»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկներ, ինչպես նաև զենք ու զինամթերք։
Հաղորդագրության համաձայն` օպերատիվ միջոցառումներն իրականացվել են «ահաբեկչության նախապատրաստում» և «հանցավոր խմբի մասնակցության» հոդվածներով հարուցված քրեական գործի հիման վրա։