ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Կուզեի, որ մենք ապրեինք առանց հարևանի «սխալ» փռած լվացքի մեջ խորանալու, առանց մյուս հարևանի կամ չգիտեմ ում քրոջ աղջկա ստացած ծաղիկների, տղայի ընկերների, պուլպուլակի քարի, նախարարի սիրուն կամ գեշի, ինչ-որ մեկի երկար ու կարճ փեշի ու նման տախտակ բաների մեջ խորանալու, գրել է հայտնի դերասանուհի և հաղորդավար Նազենի Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում։ Բայց սա «ուղերձի» վերջին հատվածն է։ Սկիզբը Հայաստանին ուղղված «շնորհակալությունների» երկարատև շարան է։
«Ես էնքան շնորհակալ եմ իմ Երկրին։ Որովհետև մեր անտանելի երթևեկության մեջ սովորած լինելով վարել մեքենա, ես հեշտությամբ վարում էի ոչ միայն Վրաստանում(ահավոր են էնտեղ), այլև, լինելով հերթական տուրիստ, հանգիստ վարում եմ ու կողմնորոշվում այլ քաղաքներում, մանավանդ՝ Լոս Անջելեսում, կախում չունենալով որևէ մեկից։ Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև ռուսերենի ու անգլերենի(ֆրանսերենի կամ գերմաներենի) հավասարազոր իմացությունը՝ ինձ շատ են օգնել և օգնում կյանքում, աշխարհաճանաչողության հարցում»,- գրել է նա։
Նազենին նշել է, որ իր տարիներին մասնագիտական գրականությունը միայն ռուսերեն էր, հիմա՝ անգլերեն, ուստի այլընտրանք չունենալու արդյունքում խորացրել է լեզուների իմացությունը՝ ամրացնելով կապն աշխարհի հետ։
«Ես շնորհակալ եմ իմ Երկրին, որովհետև անընդհատ անհարմար կացության մեջ դնելով իր քաղաքացուն, նա սովորեցնում է մտածել, գործել ամեն վայրկյան ու չհանգստանալ, թե արդեն հասել ես ինչ- որ բանի։ Ես շնորհակալ եմ իմ Երկրի քաղաքացուն՝ հանդիսատեսին, ով հաճախ իր անշնորհակալությամբ դրդում է քեզ անել ավելին, քան նույնիսկ կարող էիր պատկերացնել, հետևաբար՝ ԱՃԵԼՈՒ պարարտ հող ստեղծելով։ Ես շնորհակալ եմ իմ առջև Դռներ փակողներին, որովհետև նրանց շնորհիվ է, որ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ ԵՍ ԳՏՆՈՒՄ, իսկ փակուղուց դուրս գալու ուղին գտած մարդն էլ երբեք չի խեղճանա, մանրանա ու չարանա»,- նշել է նա։
Հովհաննիսյանը գրառման վերջում ընդգծել է, որ իր «մտքերն, ինչպես միշտ, կարող են չհամընկնել մեծամասնության մտքերի կամ «ապրած»-ի հետ»։