ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանում Հայաստանի քաղաքացիներին քաղաքական ապաստան տրամադրելու հարցում մերժելը ցույց է տալիս Երևանի նկատմամբ Թբիլիսիի վերաբերմունքը, կարծում է Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։
Վերջին հինգ տարում քաղաքական ապաստանի տրամադրելու հարցում Վրաստանին դիմած ՀՀ 22 քաղաքացիներից ոչ մեկին համապատասխան կարգավիճակ չի տրվել։
«Այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիներին Վրաստանում փախստականի կարգավիճակ չեն տրամադրում, ցույց է տալիս, թե Թբիլիսին ինչպես է վերաբերվում Երևանին։ Վրաստանում կարծում են, որ Հայաստանում չկան անձինք, որոնց պետք է մարդասիրական աջակցություն կամ փախստականի կարգավիճակ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` զարմանալի չէ, որ այդ տարիներին Ադրբեջանի հինգ քաղաքացու տրամադրել են այդ կարգավիճակը։ Հարևան Ադրբեջանում ներքաղաքական անկայուն իրավիճակ է, իսկ իշխանությանն ուղղված քննադատությունն ու այլընտրանքային կարծիքը խստորեն արմատախիլ է արվում։
Ապացույցը վերջերս տեղի ունեցած միջադեպն է` կապված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգնման հետ, որին դատապարտել են վեց տարվա ազատազրկման։
Նմանատիպ իրավիճակ է Թուրքիայում, ուստի հինգ տարվա ընթացքում ինչպես Բաքվից, այնպես էլ Անկարայից ավելի շատ հայտեր են ստացվել նրանց քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով, քան Երևանից։ Թուրքիայից ստացվել է 121 հայտ, Ադրբեջանից` 59, Հայաստանից` 22։
Սա վկայում է, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ավելի կայուն է։
Ցանկացած պետություն իրավունք ունի, ելնելով որոշակի չափանիշներից, տրամադրել կամ մերժել մյուս երկրների քաղաքացիներին հումանիտար կարգավիճակ կամ փախստականի կարգավիճակի հարցում, կարծում է փախստականների հարցերով պետդեպարտամենտի նախագահ Իրակլի Կոկայան։
«Չափանիշները, որոնցով այս կամ այն մարդուն տրամադրվում է փախստականի կարգավիճակ, ամրագրված չեն Վրաստանում։ Դրանք կարգավորվում են 1951թ-ի ժնևյան կոնվենցիայով (փախստականների կարգավիճակի մասին, կոնվենցիա, խմբ.), եվրոպական դիրեկտիվներով և այլ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կոկայան։
Նրա խոսքով` փախստականի կարգավիճակ տրամադրվում է ֆիզիկական անձանց, եթե նրանց հետապնդում են իրենց երկրում կրոնական, ռասայական պատկանելության, քաղաքական հայացքների կամ այս կամ այն սոցիալական խմբին հարելու համար։
Միաժամանակ, եթե հետապնդման ցուցանիշներ չկան, բայց երկրում լայնածավալ պատերազմ է ընթանում, ապա այս կամ այն երկրին դիմած անձանց տրամադրվում է մարդասիրական կարգավիճակ։
«Մեծամասնությանը, այդ թվում` Հայաստանի քաղաքացիներին, մերժել են փախստականի կարգավիճակ տրամադրել վերոհիշյալ կետերից որևէ մեկին չհամապատասխանելու պատճառով», — ասաց Կոկայան։
Հինգ տարվա ընթացքում Վրաստանում գրանցել են ապաստան խնդրող 5,886 մարդու։ Նրանցից փախստականի կարգավիճակ է ստացել 208-ը, հումանիտար կարգավիճակ` 1,254-ը, մերժում է ստացել 1,346 անձ։ Երեք հազար դիմում ստացել են Իրաքի քաղաքացիներից, դիմումներ են եղել նաև Ուկրաինայից, Եգիպտոսից, Իրանից և Սիրիայից։