ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նոյեմբերի 30-ին հաղորդագրություն է տարածել նախարար Սուրեն Կարայանի և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հանդիպման մասին։ Հաղորդագրությունն առանց փոփոխությունների տարածել են հայկական լրատվամիջոցները։
Սակայն մոտավորապես 15 րոպե անց Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի մասին առաջարկն անհետացել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքից։
Հաղորդագրության մեջ նշված էր, որ ըստ դեսպանի` հայ ֆրանսիական հարաբերությունների, այդ թվում՝ տնտեսական համագործակցության խթանման համար էական նշանակություն ունեն նախօրեին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի կողմից Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի նախագահության ստանձնումը։
«Դեսպանն այս համատեքստում կարևորել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սպասվող այցը Հայաստան»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչ այժմ որևէ տեղեկություն չկար այն մասին, թե Մակրոնը պատրաստվում է Հայաստան գալ։
Sputnik Արմենիան մեկնաբանություն ստանալու համար դիմեց ՀՀ ԱԳՆ, որտեղ պարզաբանեցին, որ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին ծանուցումները որոշակի կառույցների իրավասության ներքո են և տարածվում են այցից առաջ։ Այս դեպքում խոսքը ոչ թե Էմանուել Մակրոնի աշխատանքային կամ պետական այցի մասին է, այլ Ֆրանսիայի նախագահի` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակցության։ Գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում 2018 թվականին։