ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայ-ռուսական երկխոսությունը հաջող է զարգանում, այն լի է նոր աշխատանքներով և ապագայի ծրագրերով։ Այդ մասին գրված է Երևանում բացված հայ-ռուսական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որն ընթերցեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ընթացիկ տարում Հայաստանն ու Ռուսաստանը տոնում են միաժամանակ երկու նշանակալի իրադարձություն` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակն ու մեր երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 20 ամյակը։ Ռուսաստանն ու Հայաստանը պարզապես բարի հարևաններ չեն, մեզ միավորում են պատմության ընդհանուր էջերը, հպարտությունը` նախնիների սխրանքների համար, բարեկամության և փոխըմբռնման ավանդույթները, որոնք մենք անկեղծորեն փայփայում ենք։ Կարևոր է, որ այսօր հաջող կերպով զարգանում է հայ-ռուսական երկխոսությունը, համալրվում նոր գործերով և ապագայի ծրագրերով», – գրված է ռուս առաջնորդի ուղերձում։
Երևանն ու Մոսկվան համատեղ նախաձեռնություններ ունեն տնտեսության և էներգետիկայի, տրանսպորտի և ռազմատեխնիկական համագործակցության, մշակույթի, գիտության և կրթության ոլորտներում, մենք աջակցում ենք միմյանց համաշխարհային ասպարեզում։
Պուտինը կարծում է, որ երկու երկրներն էլ ազդեցիկ ներդրում ունեն Եվրասիական ինտեգրացիոն նախագծի, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ բազմակողմանի ձևաչափերի գծով գործընկերության ամրապնդման մեջ։
«Համոզված եմ, որ ցուցահանդեսը մեծ իրադարձություն է դառնալու երկու երկրների հասարակական կյանքում, իսկ ցուցահանդեսին ներկայացված նյութերն ամբողջությամբ կներկայացնեն հայ-ռուսական հարաբերությունների հատուկ, վստահելի բնույթը», – նշվում է ուղերձի մեջ։
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը միասին ծանոթացել են հայ-ռուսական հարաբերություններին նվիրված «Ռուսաստան և Հայաստան. դարերով կոփված բարեկամություն» պատմավավերագրական ցուցահանդեսի ցուցանմուշներին։ Բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։