ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի Աշոցք գյուղի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Եղոյանը Բաղրամյան պողոտայի 47 հասցեի դիմաց իր վարած BMW մակնիշի 82 AA 028 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Renault Logan մակնիշի 535 LD 61 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարվածի հետևանքով Renault-ը առաջ է ընթացել, բախվել մայթեզրի բետոնե հատվածին և հայտնվել կանաչ զանգվածում, իսկ ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ՝ 66-ամյա Աշոտ Աբրահամյանը տեղում մահացել է։
Ըստ կայքի` դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն աշխատում էր «Արքայորդի» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ, ավտոմեքենան էլ շահագործվում էր որպես տաքսի, և նա ավտոմեքենայի մեջ քնած է եղել, երբ տեղի է ունեցել ողբերգական վթարը։
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։