ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի պատժի կրումը վաղաժամ դադարեցվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներման հրամանագրով:
Տեղեկություններ եղան, որ Խաչիկյանը քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո ուղևորվել է Երևան:
Armtimes.com-ին հաջողվել է մի քանի հարց ուղղել Վազգեն Խաչիկյանին:
- Պարոն Խաչիկյան, ինչո՞վ եք զբաղվելու: Քայլեր ձեռնարկելո՞ւ եք, որ կրկին անդամակցեք ՀՀԿ-ին: (ՀՀԿ կանոնադրության համաձայն,կուսակցության անդամատոմսը սառեցվում է, եթե կուսակցության անդամը գտնվում է ՔԿՀ-ում:)
— Աստված գիտի, թե ինչով եմ զբաղվելու: Աստծո գործերն անքննելի են: Այդ թվում և ձեր հարցը:
- Պարոն Խաչիկյան, մինչ Դուք խուսափում եք ՀՀԿ-ին միանալու մասին հստակ բան ասել, Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ դուք ընկերներ եք: Ի՞նչ է նա ակնարկում:
— Վատ բան կա՞, որ ՀՀԿ-ականները իմ ընկերներն են, Շարմազանովը իմ մտերիմ ընկերն է: Միայն նա չէ իմ ընկերը, ես ունեմ ընկերներ ոչ միայն ՀՀԿ-ում, այլ նաև՝ այլ կուսակցություններում:
-Երեկ հանդիպե՞լ եք Սերժ Սարգսյանի հետ, շնորհակալություն հայտնե՞լ եք հրամանագրի համար:
— Ո՛չ, նախագահական չեմ գնացել: Ոչ միայն նախագահական չեմ գնացել, այլ նաև նախագահականի շառավղով մի քանի կիլոմետր մոտ չեմ էլ եղել:
- Բայց Երևանում եղե՞լ եք:
— Ալավերդիում եմ, պատկերասրահում նկարներ եմ նայում:
- Իսկ Սերժ Սարգսյանին ինչպե՞ս եք պատրաստվում շնորհակալություն հայտնել:
— Շնորհակալ եմ բոլոր մարդկանց և Աստծուն, որ բարեհաճ են եղել իմ անձի հանդեպ: Իսկ, թե այդ մարդկանց մեջ ովքեր են մտնում, Աստված գիտի: Մի բան ասեմ`ես բերդից եմ դուրս եկել, այնտեղ «հա»-ն հա է, «չէ»-ն` չէ, որ ասում եմ չեմ խոսի, ուրեմն՝ չեմ խոսի, հարցեր մի՛ տվեք:
- Այսինքն որոշել եք արդեն բերդի օրենքներո՞վ ապրել:
— Ասում եմ`Աստվածաշնչում ասվում է «հա»-ն հա է, «չէ»-ն չէ:
- Պարոն Խաչիկյան, իսկ մեր քրեակատարողական հիմնարկներում վիճակը ինչպիսի՞ն է: Դատապարտվածները, որ դուրս են գալիս, պայմաններից բողոքում են:
— Հայաստանի Հանրապետությունում քրեակատարողական հիմնարկներում վիճակն այնպիսին է, ինչպիսին չէ եվրոպական երկրների շատ կառույցներում, այսինքն լավ է: Փառք Աստծո: