ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. 2018թ–ի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար կառավարությունը կներգրավի լրացուցիչ վարկային միջոցներ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
Այդ և մի շարք նախատեսված ծրագրերի իրականացման համար կառավարությունը հաջորդ տարի շուրջ 300 մլն դոլարով կավելացնի Հայաստանի արտաքին պարտքը։ Նշենք, որ այս տարի արտաքին պարտքն ավելացել է ևս 400 մլն դոլարով։ Այսպիսով, ՀՀ արտաքին պարտքը հաջորդ տարի կհատի 7 մլրդ դոլարի շեմը` կազմելով ՀՆԱ–ի 60%-ը։
Այս ցուցանիշը, սակայն, կառավարության ներկայացուցչին չի անհանգստացնում։
«Այդպիսի երկիր չկա, որ ունենա դեֆիցիտ և չմտնի պարտքի շուկա»,– ասաց Արամյանը` հստակեցնելով, որ արտաքին պարտքը հիմնականում միջազգային ֆինանսական կառույցներից ստացված վարկային միջոցներն են, որոնցով հիմնականում ֆինանսավորվում են ներդրումային ծրագրերը։
«Մեր պարտքի կառուցվածքը բավականին լավն է, գումարած դրան մեր հարկաբյուջետային քաղաքականությունը, որը մենք 2017թ–ին և 2018-ին նախատեսում ենք իրականացնել։ Ես մի քանի անգամ շեշտեցի, որ միջազգային կառույցները բավականին դրական են գնահատում»,– ասաց նախարարը։
Ի դեպ, պարտքի ավելացմանը զուգահեռ, ՀՀ շարքային քաղաքացիների սոցիալական բեռը չի թեթևանա։ Վարդան Արամյանն այսօր հայտարարեց, որ 2018թ–նի կենսաթոշակների ու նպաստների ավելացում չի նախատեսվում։
«Վարկ վերցնել թոշակ և աշխատավարձ տալու համար, նվազագույնը կլինի ազգաբնակչության նկատմամբ անազնվություն»,– ասաց Արամյանը։
Թոշակներն ու նպաստները կավելանան միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կկարողանա կայունացնել իր տնտեսական հնարավորությունները։ Խոստացավ Արամյանը` հավելելով, որ միայն այդ դեպքում կառավարությունը կստանձնի լրացուցիչ սոցիալական պարտավորություններ։