ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի համաձայն`Հայաստանը մրցունակության համաշխարհային վարկանշային աղյուսակում 6 նիշով բարելավել է դիրքերը։
2016թ-ի 79-րդ հորիզոնականից 2017-ին մեր երկիրը տեղափոխվել է 73-րդ հորիզոնական: Թե որքանով է այս ցուցանիշն արտացոլում հայաստանյան տնտեսության իրական պատկերը, տնտեսագետ Աշոտ Թավադյանը չցանկացավ մեկնաբանել` ասելով. «Դրանք սուբյեկտիվ գործոններ են, մեկն առաջ է տանում, մյուսը` հետ»։

Տնտեսագետին հայաստանյան տնտեսության իրական պատկերը հասկանալու համար ավելի շատ այլ ցուցանիշներ են հետաքրքրում` արտահանման աճը, պետբյուջեի կատարումը, զբաղվածության աճը։
«Կան առաջնահերթ ցուցանիշներ, որոնք իսկապես ցույց են տալիս տնտեսության իրական վիճակը, և կան ցուցանիշներ, որոնք տնտեսության իրավիճակն արտահայտում են անուղղակի ձևով»,- ասաց տնտեսագետը։
Նշենք, որ վարկանիշային աղյուսակի հիմքում 12 հիմնական չափանիշ է դիտարկվում` պետության կառույցներ, ենթակառուցվածքներ, մակրոտնտեսական միջավայր, առողջապահության և կրթության ոլորտների ցուցանիշներ, ապրանքների շուկայի և աշխատաշուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացում, տեխնոլոգիական պատրաստություն, շուկայի ծավալներ և այլն:
Ի դեպ, Հայաստանը, թեև այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցի հեղինակների համոզմամբ, 6 կետով բարելավել է իր դիրքերը, բայց տարածաշրջանի անմիջական հարևաններից դեռևս հետ է մնում։ Մեր հարևաններից Իրանը 69-րդ տեղում է, Վրաստանը՝ 67-րդ, Թուրքիան՝ 53-րդ, Ադրբեջանը՝ 35-րդ։
Ռուսաստանը զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը։
ԵԱՏՄ անդամ երկրներից ամենամեծ առաջընթացը գրանցել է Մոլդովան՝ բարելավելով իր դիրքերը 11 հորիզոնականով։ Իսկ Վրաստանն ու Ղազախստանը հետընթաց են գրանցել` համապատասխանաբար 8 և 4 կետով։
Ցանկի առաջին հորիզոնականում Շվեյցարիան է, երկրորդում` ԱՄՆ-ն, որին հաջորդում են Սինգապուրը, Նիդեռլանդները և Գերմանիան: