ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է լուրջ բարեփոխումներ իրականացնել անշարժ գույքի շուկայում։ 2018 թ.–ին կառավարությունը նախատեսում է գույքահարկի մասին օրենքում փոփոխություններ մտցնել, որով հայաստանցի հարուստների հարկերը կավելանան։
Օրենքի ընդունումից հետո թանկարժեք առանձնատների սեփականատերերն անհամեմատ ավելի մեծ հարկեր կվճարեն, քան համեստ բնակարանների ու տների սեփականատեր իրենց հայրենակիցները։
«Ակնհայտ է, որ բարձրարժեք գույքի սեփականատերն ունևոր խավն է։ Քննարկումների արդյունքում տարբեր մակարդակներ են ֆիքսվել` 10 մլն, 120 մլն դրամ։ Մենք կորոշենք, թե որն է այն շեմը, որից բարձր գույքի վրա կկիրառվի բարձր հարկի ռեժիմը»,– ասաց Արամյանը։
Կառավարության հիմնական մտավախությունն այն է, որ նոր ռեֆորմը կհանգեցնի սոցիալական լրացուցիչ խնդիրների։
«Այնպես չի լինի, որ ցածր ու միջին խավի մոտ հանկարծ տեղի ունենա հարկային բեռի կտրուկ աճ։ Մենք մի քանի տեսանկյունից դիտարկել ենք, որպեսզի դա տեղի չունենա, և կկարողանանք հարկել, իրականում, թանկարժեք գույքերի սեփականատերերին»,– ասաց Արամյանը։
Ինչ վերաբերում է արտադրական և հասարակական նշանակության գույքին, կառավարությունը հույս ունի, որ հաշվառումը թույլ կտա բացահայտել պարապուրդում գտնվող օբյեկտներն ու դրանց հետագա շահագործմանն ուղղված լուծումներ գտնել։
Անշարժ գույքի գոտիավորումը կմեկնարկի Երևանից, ապա կտարածվի հանրապետության ամբողջ տարածքում։