ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. 2017-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 58.8%–ի, նման կանխատեսում է այսօր ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հիշեցնելով, որ 2016 թ.–ի վերջին այդ ցուցանիշը` ներառյալ ԿԲ պարտքը, եղել է 56.6%:
«Այս տարեվերջին մենք կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 մլն դոլարով, և ներքին պարտքի ավելացում` մոտ 30 մլն դոլարով։ Այսինքն` արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ դոլար, ներքինը` 1 մլրդ 269 մլն դոլար»,– ասաց Արամյանը։
Պարտքի ավելացումը, սակայն, կառավարությանը չի անհանգստացնում։ Ֆինանսների նախարարի խոսքով՝ կարևոր է պարտքի ցուցանիշը դիտարկել տնտեսական այլ ցուցանիշների հարաբերակցության մեջ։
Այդ առումով, ըստ Արամյանի, հայաստանյան հարկաբյուջետային քաղաքականությունը դրական միտումներ է ցուցաբերում։ Միջազգային ֆինանսական կառույցներն էլ իրենց զեկույցներում դրական գնահատականներ են տալիս կառավարության վարած քաղաքականությանը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, ապա, գործադրի կանխատեսմամբ, տարին կավարտվի 4,3 % իրական տնտեսական աճով` բյուջեով նախատեսված 3,2–ի փոխարեն։
Վարդան Արամյանը նաև համոզմունք հայտնեց, որ առաջիկա ամիսներին տնտեսական ակտիվության նվազում չի գրանցվի։