«Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին դատական նիստերի դահլիճն ու այլևս չվերադարձան` հայտարարելով, որ գործադուլ են անում` բողոքելով իրենց գործընկերների նկատմամբ կիրառվող զննությունների ու խուզարկությունների դեմ։
Խմբի անդամ Պավել Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասաց, որ գործադուլն առայժմ կսահմանափակվի մեկ դատական նիստով։
«Նկատի ունենալով, որ մեր գործընկերներին դարձյալ թույլ չտրվեց մտնել դատարան, մենք որոշեցինք այդպես վարվել»,– ասաց Ինեսսա Պետրոսյանը,– «եթե այս ընթացքում նախագահող դատավորը փորձի միջոցներ ձեռնարկել և թույլ տալ, որ Արայիկ Պետրոսյանն ու Մուշեղ Շուշանյանը մուտք գործեն նիստերի դահլիճ, մեր որոշումը կփոխվի, և մենք կանցնենք աշխատանքի»։
Դատավորը որոշումը չփոխեց, փաստաբանների գործադուլը շարունակվեց մինչև դատական նիստի ավարտը, որը հետաձգվեց ևս մեկ շաբաթով։
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին Հայաստանի մոտ 200 փաստաբան գործադուլ էր հայտարարել ու չէր մասնակցել դատական նիստերի ու քննչական գործողությունների` անհամաձայնություն հայտնելով փաստաբանների նկատմամբ դատական կարգադրիչների իրականացրած զննությունների ու խուզարկությունների մասին որոշմանը։