ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Պետական պաշտոնատար անձանց կենսագրականներն ուսումնասիրելիս ուշագրավ դրվագների կարելի է հանդիպել, որոնք այնքան էլ հայտնի չեն հասարակական լայն շրջանակներին, գուցեև՝ անհայտ են ընդհանրապես: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։
«Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, օրինակ, թեև ասոցացվում է իրավունքի ու արդարադատության հետ, սակայն առաջին մասնագիտությամբ իրավաբան չէ: Նա երեք բարձրագույն կրթություն ունի՝ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, այնուհետ իրավաբանի և հոգեբանի մասնագիտություն է ձեռք բերել»,- գրում է թերթը:
Ըստ հոդվածագրի` ամենաուշագրավն այն է, որ 1995-1998 թթ․ ԱԺ պատգամավոր լինելուն զուգահեռ՝ Հարությունյանը 1997-ին եղել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը:
«Այդ ժամանակ քաղաքապետը, ինչպես հայտնի է, Վանո Սիրադեղյանն էր: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կենսագրականում էլ մի այսպիսի ուշագրավ հիշատակում կա՝ «ճանաչվել է տարվա լավագույն կին»: Ո՞ւմ կողմից է ճանաչվել և, որպես կին, որտե՞ղ ծավալած իր գործունեության համար (ընտանիքո՞ւմ, կանանց վերաբերող որևէ միջոցառման ժամանա՞կ)՝ հայտնի չէ»,- գրում է թերթը: