ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հպարտությամբ ներկայացրեց՝ վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում զբոսաշրջային թվերը կտրուկ աճել են: Այլ կերպ ասած՝ եթե 2007 թվականին Հայաստան էր այցելել ընդամենը 282 հազար զբոսաշրջիկ, ապա հիմա այդ թիվը երկրաչափական պրոգրեսիայով աճել է:
«2016 թվականին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը 1 միլիոն 260 հազար էր, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն աճել է շուրջ 6 տոկոսով: Այդ թիվը զգալիորեն աճել է նաև 2017 թվականին»,-ասաց փոխվարչապետը:
Գաբրիելյանը շեշտեց, որ զբոսաշրջային հոսքերի ավելացման համար անհրաժեշտ է Սփյուռքի աջակցությունը: Նրա խոսքով՝ քննարկումների ժամանակ մտքեր են ծավալվել Սփյուռքում Հայաստանի զբոսաշրջային խթանումն ակտիվացնելու վերաբերյալ: Սփյուռքի ներկայացուցիչները կարող են նպաստել նաև զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը: Այսինքն՝ բոլոր ուղղություններով պետք է գրավել զբոսաշրջիկներին, դա կլինի առողջապահական, էքստրեմալ մարզաձևերի, թե այլ ուղղություններով: