ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 22-ին նախանշված նիստում գործադիրը կքննարկի Արդարադատության նախարարությանը 6000 եվրո տրամադրելու մասին որոշման նախագծերը։ Գումարը նախատեսվում է տրամադրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) դիմած ու դատը շահած քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու համար։
Հուլիսին քննված Հովհաննիսյանն ու Բադալյանն ընդդեմ Հայաստանի վճիռներով ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ՀՀ իրավական համակարգը թույլ է տվել մարդու իրավունքների կոնվենցիայի նորմերի խախտում և պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին` հայցվորներից յուրաքանչյուրին վճարել 3000 եվրո գումար։
Ի դեպ, այս տարվա ընթացքում ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի արդեն 10 վճիռ է կայացրել, վերջինը` սեպտեմբերի 14-ին։ Այս վճռով Հայաստանը պարտավոր է վճարել ևս 6000 եվրո, սակայն դրա փոխհատուցման հարցը կառավարություն առայժմ չի հասել։
Նշենք, որ միայն 2017թ-ին կայացված վճիռներով ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է վճարել շուրջ 46 000 եվրո գումար։