ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայում կարող է հայտնվել ճանաչված խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը, հայտնում է «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով հուշահամալիրային արվեստի հանձնաժողովի նախագահ Իգոր Վոսկրեսենսկիին:
«Իմ անունով դիմում է ստացվել Հայաստանի դեսպանատան կողմից այն մասին, որ նրանք խնդրում են իրենց հաշվին Մոսկվայում տեղադրել Հալաբյանի հուշարձանը: Հիշեցնեմ, որ Հալաբյանը հայտնի ճարտարապետ էր: Եվ, իհարկե հիանալի կլիներ, եթե նրա հուշարձանը ստեղծվեր»,–նշել է Վոսկրեսենսկիին:
Նա պարզաբանեց, որ Հալաբյանի հուշարձանն առաջարկվում է տեղադրել համանուն փողոցի վրա:
«Ներկայումս մենք քննարկում ենք այդ հարցը: Վերջնական պատասխանի համար, մեզ անհրաժեշտ են տեղի պատգամավորների, Մոսկվայի Ճարտարապետության կոմիտեի և մշակութային ժառանգության բաժնի եզրակացությունները: Ամեն դեպքում դիմումը կդիտարկենք, բայց ցանկալի կլիներ ունենալ դրական եզրակացություններ, և այդ դեպքում ավելի շատ հիմքեր կունենանք դրական որոշումներ ընդունելու»,- ավելացրել է Ի. Վոսկրեսենսկին:
Ըստ նրա` հուշարձանի տեղադրման հարցը կքննարկվի հոկտեմբերի կեսերին, մոնումենտալ արվեստի հանձնաժողովի նիստում:
Կարո Հալաբյանը խորհրդային ճարտարապետ է, ակադեմիկոս, եղել է Մոսկվայի գլխավոր ճարտարապետը, մասնակցել է մայրաքաղաքի վերակառուցման գլխավոր պլանի ստեղծմանը, նախագծել է բնակելի, կրթական, մշակութային և կառավարական շենքեր: Հալաբյանի նախագծով է կառուցվել Ռուսական Բանակի Կենտրոնական ակադեմիական թատրոնը, ստեղծվել է մետրոյի «Կրասնոպրեսնենսկայա» կայարանը:
Հալաբյանի նախագծած շենքեր կան այլ քաղաքներում ևս, այդ թվում նաև Երևանում: