ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Գյուղացիների աջակցության պետական ծրագրերով տրամադրված դիզվառելիքի, պարարտանյութի, սերմնացուի դիմաց պարտքերն առ այսօր հավաքել չի հաջողվում։ Այս խնդիրն այսօր կառավարության նիստում բարձրացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտնեց, որ մայիս ամսից փորձում են մարզպետարաններից ստանալ պարտապանների ցուցակները, բայց առայժմ անարդյունք։
«Մինչև չգան հստակ, անվանական ցուցակներ, մենք չենք կարող դրանք ամբողջական ներկայացնել կառավարություն»,–ասաց գյուղնախարարը։
Վարչապետը մեկ ամիս ժամանակ տվեց գյուղատնտեսության ու տարածքային կառավարման և զարգացման նախարարին և մարզպետներին` պարտապանների վերջնական ցուցակներ կազմելու համար։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն էլ հայտնեց, որ որոշ դեպքերում պարզվել է, որ պարտք կուտակած գյուղապետներն այլևս պաշտոնապես նշված հասցեում չեն բնակվում, կամ նրանց նկատմամբ կան հարուցված քրեական գործեր։ Կան նաև գյուղապետներ, ովքեր չեն բաշխել տրամադրված սերմերն ու պարարտանյութերը:
Վարչապետն էլ հանձնարարեց պարտքը ստանալ ոչ թե գյուղացուց, այլ գյուղապետներից։
«Եթե հասցեատեր չկա, եթե այդ ապրանքը չի հասել հասցեատիրոջը, ինչո՞ւմ է խնդիրը։ Հիմա նոր ցուցակը տարբերվելո՞ւ է նախորդից»,– հարցրեց վարչապետն ու հրահանգեց հետևել, որպեսզի նոր կազմվող ցուցակներում «նկարչություն» չլինի։