ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ շարունակ մայրաքաղաքի ու այլ բնակավայրերի էսթետիկական և ճարտարապետական տեսքը փչացնող կիսակառույցները նկատել ու դրանց վերացման մասին արդեն ահազանգել է յուրահատուկ ճաշակով աչքի ընկնող վարչապետը: Ուստի այս մասով հանձնարարականն էլ չուշացավ: Կառավարության վերջին նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հատուկ շեշտեց հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների մասին:
Կիսակառույցների հետքերով գնացել է նաև Sputnik Արմենիան և պարզել` նոր նախագիծը, որի շրջանակում «Աստաֆյան կազինոյի» շենքը կփոխարինվի «Կեմպինսկի» հյուրանոցով, իրականացնում է «Հայնախագիծը»:
«Այն ավարտված կլինի հոկտեմբերի վերջին, հետո արդեն բուն շինարարական աշխատանքները կսկսվեն: Նախկինում էլ այստեղ եղել է նախագիծ, բայց հիմա նորն է արվում: Առաջիկայում, երբ պատրաստ լինի, հանրությանը տեղեկատվություն կտրվի»,- Sputnik Արմենիային ասաց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանը:
Տարածքը կիսակառույցների՝ քաղաքապետարանի ցանկում է եղել դեռ 2011-12 թվականներից: Շինարարական աշխատանքների թույլտվության ու ընթացքի վերաբերյալ մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տեղեկացրին, որ Աբովյան փողոցի հ.5/1 հասցեում հասարակական նշանակության շինության քանդման համար առկա է կառուցապատողներ «Ա.Ս.Դ.Հոթել» ՓԲԸ-ին, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռն ՍՊԸ-ին և Դավիթ Մանթաշյանին 19.07.2017թ. տրված հ.01/18-05/1-Կ-2054-538 նախագիծը։ Այժմ հիշյալ հասցեում համապատասխան քանդման թույլտվությամբ իրականացվում է գոյություն ունեցող շինության քանդման աշխատանքներ:
Նշված շինության քանդման և հարակից տարածքում (համաձայն 20.05.2017թ. տրված հ.01/18-07/1-Կ-1526-295 նախագծման թույլտվության) նախատեսվում է կառուցել հյուրանոցային համալիր, որի քաղաքաշինական փաստաթղթերի համաձայնեցման փուլում կհստակեցվի նաև իրականացման ենթակա քաղաքաշինական գործունեության ժամկետները:


Ինչպես նկատել էր հենց վարչապետ Կարեն Կարապետյանը, տարբեր բնակավայրերում, հատկապես խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ և հողամասեր, որտեղ տարիներ շարունակ շինարարություն չի իրականացվել:
Նշված կիսակառույց և անավարտ շինարարության օբյեկտների անհրապույր տեսքից և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, ինչպես նաև զբոսաշրջության համար առավել գրավիչ միջավայր ձևավորելու նպատակով վարչապետն արդեն հանձնարարել է քաղաքաշինության պետական կոմիտեին, մարզպետներին՝ Երևանի քաղաքապետի հետ համատեղ 1-ամսյա ժամկետում գույքագրել հանրապետության քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասերը: Հանձնարարվել է 2-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ:
Անահիտ Եսայանի տեղեկացմամբ` «Կեմպինսկի» հյուրանոցը ներառված է կառավարության նախատեսած խոշոր ներդրումային ծրագրերի ցանկում: Անդրադառնալով նաև իր մեկնարկին սպասող «ՙՀին Երևան» նախագծին` նկատեց, որ այն բավական բարդ ծրագիր է:
«Այստեղ կա իրացման խնդիր ու մարդկանց ճակատագրերի հետ է կապված անմիջականորեն: Մի հատվածում իրականացվում են իրացման խնդիրները, մյուսում ՝ հողային աշխատանքները: «Հին Երևանի» շրջանակում շուտով կսկսվեն Տերյան փողոցի ստորգետնյա և Աբովյան փողոցի հատվածների կառուցումը», — ասաց Եսայանը:
Հիշեցնենք, որ «Հին Երևան» ծրագիրն ընդգրկում է մայրաքաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Բյուզանդ, Կողբացի և Արամի փողոցներով պարփակված տարածքը: