ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. «Վեոլիա ջուր» ընկերությունը որոշել է կանոնակարգել խմելու ջրի սպառումը և այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել` ընդգծելով, որ ապամոնտաժվում են ապօրինի ջրագծերը։
«Ինքնակամ միացումները ոչ թե պարզապես անջատվում են, այլ ապօրինությունների հեղինակներին առաջարկվում է միանալ ընկերության համակարգին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այսինքն, խոսքը մեծ հաշվով խմելու ջրի սպառման կանոնակարգման մասին է, որից առաջին հերթին շահում է օրինապահ սպառողը»,- նշված է հայտարարության մեջ:
Երևանի Ավան, էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ վարչական շրջաններ, Փարաքար, Զովունի գյուղեր… Արդեն ապամոնտաժվել են մի քանի տասնյակ ապօրինի ջրագծեր: Դրանց տերերը պարտավոր են սպառածի դիմաց վճարել մի կլորիկ գումար` համաձայն հաշվարկի:
«Դե իսկ եթե ցանկանում են բաժանորդ դառնալ ու ջուր օգտագործել օրինական հիմունքներով, ապա պետք է դիմում ներկայացնեն «Վեոլիա Ջուր»՝ կարգին ծանոթանալու ու ջրագծի կառուցման համար անհրաժեշտ Տեխնիկական պայման ստանալու համար»,- նշում է ընկերությունը:
«Ո՛չ ապօրինություններին, այո՛ օրինական ջրօգտագործմանը» կարգախոսով սկսվել է հայտնաբերված ապօրինի միացումների ապամոնտաժման երկրորդ փուլը՝ թվով 58 հասցեներում: