ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Սևանա լճում էականորեն նվազել է խեցգետնի չափաքանակը: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Իրավիճակը պայմանավորված է որսի թերի կանոնակարգման, ոչ բավարար վերահսկողության իրականացմամբ, որսի համար ոչ համապատասխան ցանցերի կիրառմամբ»,- ասաց գործադիրի ղեկավարը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին Կարապետյանը հանձնարարեց բացառել որսի ժամկետների երկարաձգման դեպքերը, մշակել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել խեցգետնի չափաքանակների որոշման հիմքերը, որսի իրավունք ունեցող անձի հստակ պարտավորությունների սահմանումը:
Վարչապետը հանձնարարեց նաև ձկնորսական ցանցերի նկատմամբ տեխնիկական պահանջների առաջարկություններ ներկայացնել:
«Պետք է ուժեղացնել վերահսկողությունը խեցգետնի որսի նկատմամբ: Ռեսուրսը, չափաքանակները նվազել են: Այդ ոլորտը, որը համարում ենք հեռանկարային, այսօր ճգնաժամային վիճակում է»,- ասաց Կարապետյանը:
Գործադիրի ղեկավարը բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հրահանգեց շտապ քայլեր ձեռնարկել: