ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած` 1982 թվականի մեքենան աճուրդի հանվեց 17 000 000 ՀՀ դրամով։ Այս որոշումը կայացվեց այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ։
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը դասական աճուրդով օտարելու թույլտվության հարցը ներառված էր չզեկուցվողների շարքում։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ աճուրդին մասնակցելու նախավճարը գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով է։ Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
Պետական գույքի կառավարման վարչությունը աճուրդը կազմակերպելու և անցկացնելու է եռամսյա ժամկետում։ Աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ վարչության պաշտոնական և azdarar.am կայքերում տեղադրելու են ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
Եթե նշված ժամկետով աճուրդի ժամանակ մեքենան չվաճառվի, կնշանակեն նոր աճուրդներ։ Յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով: