ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հետևում է վիզայի հարցազրույցների գրանցումներին, և առայժմ Ռուսաստանից դիմողների հոսք չի նկատվում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Մենք գիտակցում ենք, որ Ռուսաստանի տարածքում ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ Ռուսաստանի կառավարության որոշումից հետո Ռուսաստանի որոշ քաղաքացիներ հնարավոր է, որ ԱՄՆ վիզա ստանալու համար դիմում ներկայացնեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը»,- նշեցին դեսպանատնից։
Վիզայի համար դիմելիս սովորաբար խորհուրդ է տրվում դիմում ներկայացնել դիմողի բնակության երկրում, սակայն ԱՄՆ հյուպատոսական գրասենյակները ընդունում են նաև դիմումներ երրորդ երկրի քաղաքացիներից, ովքեր ֆիզիկապես գտնվում են տվյալ երկրում, սակայն այդ երկրի ռեզիդենտ չեն:
ԱՄՆ օրենքների ու կանոնակարգերի համաձայն ոչ ներգաղթային վիզայի համար դիմող անձինք պետք է փաստարկեն, որ Միացյալ Նահանգներից դուրս ունեն բնակության վայր, որը լքելու մտադրություն չունեն: Այդ բնակավայրը պարտադիր չէ, որ լինի այն երկրում, որտեղ ներկայացվել է վիզայի դիմումը:
«Երևանում ԱՄՆ դեսպանությունը սիրով կսպասարկի ոչ ներգաղթային վիզայի համար դիմող Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող անձանց: Մեր ունեցած ռեսուրսներով ամեն ինչ կանենք, որպեսզի մեզ դիմող Հայաստանի քաղաքացիների և մյուսների համար Երևանում ԱՄՆ դեսպանատանը հարցազրույց անցնելու համար երկար սպասելու կարիք չլինի»,- նշեցին դեսպանատնից:
Այնուհանդերձ, երրորդ երկրում վիզայի դիմում ներկայացնող անձինք պետք է իմանան, որ լեզվական դժվարություններով պայմանավորված ու հարցազրույց վարող պաշտոնյայի կողմից իրենց երկրի իրավիճակին ոչ լավատեղյակ լինելու պատճառով` քաղաքացիների բնակության երկրի համեմատ, թերևս, ավելի դժվար կլինի ի ցույց դնել, որ նրանք իրավասու են ստանալ ոչ ներգաղթային վիզա: