ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արա Զոհրաբյանը քննադատել է փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կազմակերպած ակցիան: Իր խոսքում փաստաբանների պալատի նախագահը, մասնավորապես ասել է.
«Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե հասարակության որոշ հատվածների:
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է փաստաբանի գործունեության երաշխիքներ: Ընդ որում, արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ «Փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության մասին» 25.10.2000թ. №Rec(2000)21 հանձնարարականի 1-ին սկզբունքի 1-ին կետի համաձայն՝ հարկավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի հարգվի, պաշտպանվի և խթանվի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը առանց խտրականության և իշխանությունների կամ հասարակության կողմից անիրավաչափ միջամտության, հատկապես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համապատասխան դրույթների լույսի ներքո:
Փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշման նախաձեռության հեղինակների ետևից գործող, կամ այս ճնշումներից հաճույք ստացող որոշ փաստաբաններ լավ չեն պատկերացնում, որ այս վատ նախադեպից առաջինը իրենք են տուժելու: Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի:
Եթե փաստաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խախտում է օրենքը կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը, ապա դրա լուծման միակ օրինական ճանապարհը, փաստաբանների պալատին հաղորդում ներկայացնելն է:
Հ.Գ. Ի գիտություն փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակներին` Մարինե Թովմասյանը հղի է»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ակտիվիստ Վարդգես Գասպարին հանրային պաշտպանի տան դիմաց բողոքի ակցիա էր անցկացրել` դժգոհելով, որ չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը, պաշտպան չէր հեռացել դատարանի դահլիճից: