«Ժողովուրդ». Հերթը հասավ հոգեբուժարաններին
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է օպտիմալացնել նաև հոգեբուժարանները, մասնավորապես` Երևանի «Նորք» եւ «Նուբարաշենի» հոգեկան առողջության կենտրոնները, ինչը, ըստ թերթի, լուրջ մտահոգություններ է առաջացրել հոգեբուժարանների աշխատակիցների մոտ:
«Հայաստանում այսօր հոգեկան խանգարում ունեցող մեկ հիվանդի վրա պետությունը տարեկան ծախսում է 428 հազար 700 դրամ, իսկ ուռուցքային հիվանդության դեպքում` 106 հազար 400 դրամ։ Այսինքն` հոգեկան խնդիր ունեցող հիվանդի բուժման համար պետությունը տարեկան 4 անգամ ավելի գումար է ծախսում, քան օնկոլոգիական խնդիր ունեցողի»,– գրում է «Ժողովուրդ»-ը։
Թերթը նաև պարզել է, որ 1 հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը ամենաբարձրը «Նորք» հոգեբուժական կենտրոնում է` 11 հազար 400 դրամ, «Նուբարաշենում»` 7 հազար 500 դրամ, իսկ Սևանի հոգեբուժական հիվանդանոցում` 4 հազար 79 ։ Առողջապահության նախարարությունից «Ժողովրդին» վստահեցրել են, որ բուժանձնակազմի կրճատում չի նախատեսվում, բայց աշխատակիցների համոզմամբ՝ որքան էլ հիմա պաշտոնապես դա հերքվում է, միևնույն է` միավորման արդյունքում կրճատումներ կլինեն:
«Իրատես».Կարեն Կարապետյանի «դրայվի» պատճառը
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Տավուշի մարզում հերթական խորհրդակցության ժամանակ կրկին երևացել է Կարեն Կարապետյանի «դրայվը», էնտուզիազմը:
Ըստ թերթի՝ դա արդյունք է ապագա իշխանության ձևավորման շուրջ Կարեն Կարապետյանի հարցում հստակության: «2018-ին իշխանությունում անցնցում դասավորություններ կլինեն, շատ հանդարտ ու սահուն կանցնեն գործընթացները, որովհետև մինչ այդ բոլոր հարցերը լուծված կլինեն, իսկ Կարեն Կարապետյանի այսօրվա «դրայվն» էլ փաստում է, որ նա, հավանաբար, գոհ է սպասվող զարգացումներից»,– գրում է թերթը:
«Հրապարակ». Իշխան Զաքարյանը դարձյալ իշխանական վերնախավում է
«Հրապարակ» թերթը հայտնում է, որ Ծաղկաձորում ավանդաբար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ փուլից հետո այս տարի բարձրաստիճան պաշտոնյաների և սպորտասերների մասնակցությամբ բավականին մեծ խնջույք է կազմակերպվել օլիմպիական գլխավոր մարզահամալիրում, որը ժամանակին վերակառուցել, ապա Ալբերտ Բոյաջյանի հետ մասնավորեցրել էր Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Իշխան Զաքարյանը։
«Որքան էլ զարմանալի է, տևական «անհետացումից» հետո խնջույքին և մրցույթի եզրափակիչ միջոցառմանը մասնակցել է նաև Իշխան Զաքարյանը։ Ներկաները նկատել են, որ նա, ինչպեսև մնացյալ մասնակիցները, բավական բարձր տրամադրություն է ունեցել, պարել են բոլորը, նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանը»,– գրում է թերթը
«Հրապարակ»–ը նշում է, որ ներկա են եղել նաև Գագիկ Ծառուկյանը, Դավիթ Լոքյանը, Խաչիկ Ասրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Մրցույթին մասնակցած անձանցից մեկը տպավորված պատմում էր ճոխ սեղանների և աննախադեպ թանկ խմիչքների մասին»,–գրում է «Հրապարակը»` չբացահայտելով իր տեղեկության աղբյուրը:
«Ժողովուրդ». Տնտեսական ցուցանիշների բլեֆը
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ներդրումների մասին վարչապետ Կարեն Կարապետյանի խոստմանը։ «Մենք այսօր ունենք հաստատված 3,2 մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր, հստակ գրված է, թե ֆինանսական աղբյուրն ով է և արդյունքում ինչ ենք ունենալու, որքան աշխատատեղեր են լինելու։ Դրանից 830-850 մլն դոլարը նախատեսված է ներդնել 2017թ.-ին»,- Վարչապետի ելույթն է մեջբերում թերթը և հավելում.
«Պարզվում է, սակայն, իշխանությունները հիմա վերախմբագրում են այս խոստումները. օրերս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն ասել է, թե 2017թ. համար նախատեսված է մոտ 500 մլն դոլարի ներդրում, և առաջին կիսամյակի ընթացքում 220 մլն դոլարի ներդրումն արդեն իրականացվել է: Փաստորեն, չնայած վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովելու խոստմանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն իջեցրել է ցուցանիշը մոտ 30 տոկոսով, ու արդեն խոսում են 500 մլն դոլարի ներդրումների մասին»:
«Ժողովուրդ»–ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից փորձել է պարզել, թե Կարեն Կարապետյանի պաշտոնավարման այս ամիսներին կոնկրետ ո՞ր ընկերությունը ո՞ր ոլորտում որքա՞ն ներդրում է իրականացրել: Բայց նախարարությունից հայտնել են, թե դա առևտրային գաղտնիք է:
«Այդ դեպքում արդեն կբացահայտվի իշխանությունների բլեֆը. արդեն հնարավոր կլինի պարզել, թե արդյո՞ք դրանք իսկապես օտարերկրյա կազմակերպություններ են, թե՞ արտերկրում գրանցված, բայց Հայաստանի իշխանություններին պատկանող ընկերություններ»,– եզրակացնում է «Ժողովուրդը»:
«Փաստ». Ինչ է ասել Պուտինը Ալիևին Սոչիում
«Փաստ»–ն անդրադարձել է օրեր առաջ Սոչիում կայացած Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային հանդիպմանը:
«Հանդիպումից հետո պաշտոնական հայտարարություն չի եղել: Ենթադրություններ կարելի է անել, դատելով նախագահների՝ միմյանց հղած ողջույնի խոսքերից: Ըստ այդմ, քննարկվել են երկկողմ նշանակության խնդիրներ և տարածաշրջանին վերաբերող հարցեր: Ընդ որում, տարածաշրջանի իրադրությունը բարդ է, բայց հուսով եմ, որ մեր հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծման ուղիների որոնմանը, նշել էր ՌԴ նախագահը»,– գրում է թերթը` հավելելով, որ Պուտինի նշած «բարդ իրադրությունը» վերաբերում է, թերեւս, և Արցախի հակամարտությանը, և տարածաշրջանային անվտանգությանն ընդհանրապես:
«Այսօր առկա է լուրջ վտանգ, որ Մերձավոր արեւելքում իր թափն ու ուժը կորցնող ԻՊ–ը կարող է «տեղափոխվել» Կովկաս: Այս առումով առաջին թիրախային գոտիներից մեկը կարող է դառնալ հենց Ադրբեջանը: Պատահական չէ, որ վերջերս Ադրբեջանում տեղի են ունենում ԻՊ–ի հետ կապ ունեցող, տարբեր երկրների քաղաքացիներ հանդիսացող անձանց պարբերական ձերբակալություններ»,– հիշեցնում է թերթը:
Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ըստ թերթի` Բաքվի վարած քաղաքականությունն ամենևին էլ այդ կայունությունը պահպանելուն ուղղված չէ: Ուստի, հոդվածի հեղինակը չի բացառում, որ ՌԴ նախագահն Ալիևին հասկացնել է տվել իրավիճակի ողջ լրջությունը:
«Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք հավասարակշռության սկզբունքը պահելով՝ ռուսական կողմը նման մի հանդիպում էլ կնախաձեռնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եթե նման հանդիպում կայացավ, կնշանակի, որ, իրոք, քննարկման առանցքային թեմաներից մեկը եղել է Արցախի հակամարտությունը, և նախագահների հանդիպումից առաջ Մոսկվան հստակեցնում է խաղի կանոնները»,– գրում է «Փաստ» օրաթերթը: